Դավիթ Իշխանյանը 2 անգամ կապ է հաստատել ընտանիքի հետ
Բաքվում գերության մեջ պահվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն արդեն 2 անգամ կապ է հաստատել Երևանում գտնվող ընտանիքի հետ, նաև հասցրել է շնորհավորել թոռան ծննդյան տարեդարձը։ Այս մասին MediaHub-ի հետ զրույցում նշեցին նրա ընտանիքի անդամները։
Որդին՝ Արմենն ասաց, որ կապի ընթացքում հայրը հավաստիացրել է, որ լավ է։ Իսկ օրեր առաջ ՄԻԵԴ֊ում ՀՀ ներկայացուցչի միջոցով լուսանկարներ ու բժշկական տվյալներ են փոխանցել ընտանիքին։
Արմենը նաև տեղեկացրեց, որ ընտանիքը չի կորցնում Դավիթ Իշխանյանի վերադարձի մասով լավատեսությունը։
Նշենք, որ Արցախի նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ, հոկտեմբերի 3-ին Ստեփանակերտից ապօրինի ձերբակալվել ու Բաքու է տեղափոխվել նաև Դավիթ Իշխանյանը, ով ԱԺ նախագահի պաշտոնը ստաձնել էր 2023 թվականի օգոստոսի 7-ին։