Վաղարշապատի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Փարաքար գյուղի 49-ամյա մի բնակիչ իր տանը, տնամերձ հողամասում և կից օժանդակ շինություններում կանեփ է աճեցնում և թմրանյութ պահում:
Տեղեկությունները հաստատվեցին: Դեպքի վայր մեկնած ոստիկանները տան բակի ակնհայտ տեսանելի վայրում նկատել են 21 կանեփի բույս: Տանտերը հայտնել է, որ տանը թմրանյութ է պահում:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում հոկտեմբերի 17-ին զննություն կատարվեց փարաքարցի տղամարդու տանն ու կից օժանդակ շինություններում: Տղամարդը իրավապահներին ներկայացրեց մոտ 50 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված, նաև հայտնեց, որ կանեփն ինքն է աճեցրել:
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ հաջորդ տեղեկությունը ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզներն իրացրին Բաղրամյան գյուղում: 56-ամյա տանտերը իրավապահներին հայտնել է, որ տանն ունի կանեփի չոր զանգված և պատրաստ է ներկայացնել: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Տղամարդու տանը զննություն կատարվեց: Նա իրավապահներին ներկայացրեց մոտ 81,5 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգված: Հայտնեց, որ այն թմրանյութ է, որը պատրաստել է իր աճեցրած կանեփի թփերից:
Բոլոր դեպքերով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին: