Ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայությունն, ավելի քան քաղաքակիրթ է․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՔԱՂԱՔԱԿԻ՞ՐԹ, ԹԵ՞ ՎԱԽԿՈՏ
Պաղեստինա-իսրայելյան պատերազմն իր արձագանքն է գտել ողջ աշխարհում։Ի աջակցություն պաղեստինցիների, ոտքի են կանգնել, ոչ միայն արաբական երկրների բնակիչներն, այլև Եվրոպայի, ԱՄՆ-ի, Կանադայի արաբական սփյուռքը։ Ցուցարարները շատ վճռական են տրամադրված։ Նրանց չեն կանգնեցնում ոստիկանական մեծաթիվ ուժերը։ Հանուն իրենց եղբայր պաղեստինցիների, եվրոպայի և ԱՄՆ-ի արաբները պատրաստ են ամեն ինչի, օրինակ ԱՄՆ-ում, նրանք ներխուժել են Կապիտոլիում։
Այս ամենի ֆոնին, հիշեցի մեզ՝ հայաստանցիներիս և սփյուռքահայերին։ Ոչ 2020թ․ պատերազմի ընթացքում, ոչ Ադրբեջանի հետագա հարձակումների ժամանակ, հայկական սփյուռքն, ինչպես պետք էր, ոտքի չկանգնեց։ Իսկ այս տարի Արցախի հայաթափու՞մը, արցախցիների տառապանքնե՞րը․․․ Ընդամենը, մի քանի վախվորած հավաքներ, Հայաստանի դեսպանատների առջև։ Այո՛, ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի հայությունն, ավելի քան քաղաքակիրթ է։ Հայ ժողովուրդը վայրենի, բարբարոս չի, որ քարուքանդ անի ամեն ինչ, հանուն իր հայրենակիցների և գործում է միայն սահմանադրական ճանապարհով․․․
․․․Արդյո՞ք․․․
Իրականում, մենք, որպես ազգային մեծամասնություն, վախկոտ, միայն մեր անձնականի մասին մտածող զանգված ենք, անհաղորդ մեր մերձավորի ցավին ու տառապանքին։ Եվ այդ վախը, հարմարվողականությունը, ներկայացնում ենք, որպես «քաղաքակրթություն» և «միայն սահմանադրական ճանապարհով», դատարկ կարգախոսներով»։