«Մեզ 200 հազար դրամի տուգանել են»․ պարեկները արցախցի վարորդներին տուգանում են՝ ԱՊՊԱ չունենալու և մգեցված ապակիների համար․ News.am
Արցախից բազմաթիվ բռնի տեղահանվածների վերջին օրերին պարեկները տուգանում են՝ մեքենայի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու, ինչպես նաև մգեցված ապակիների համար։ News.am-ը զրուցել է արցախցի վարորդների հետ, որոնք մանրամասներ են պատմել այդ մասին։
Վարորդ Հրանտ Բաղդասարյանը պատմել է, որ իրեն 25 հազար դրամով են տուգանել՝ մգեցված ապակիներով ավտոմեքենան վարելու պատճառով․
«Քաղաքապետարանից օգնություն էին տալիս, ընտանիքով գնացինք, որ ստանանք։ Չարենցավանում եմ մնում, հենց իրենց ոստիկանական հատվածում կանգնեցրին ինձ՝ մգեցված ապակիների համար, ասացին, որ պիտի տուգանեն, ասացի, որ ես այդ հարցը շուտով լուծելու եմ, որևէ կերպ չեն համաձայնվում, ասում են՝ օրենք կա, ես իսկապես տեղյակ չեմ եղել, որ նման խնդիր կա, ու այդպես տուգանք գրեց, ես էլ կոնֆլիկտային մարդ չեմ, լռեցի ու այդպես տուգանեցին 25 հազար դրամով»։
Հրանտ Բաղդասարյանի խոսքով՝ Արցախում այդպիսի օրենք չի եղել․ «Մենք մգեցված ապակիներով վարում էինք, ես չգիտեի, որ նման օրենք է գործում։ Այնպես չէր, որ խմած էի կամ ամրագոտի չէի գցել, պարզապես ես տեղյակ չեմ եղել այդ օրենքի մասին»։
Վարորդ Գոռ Սարգսյանը, որն Արցախից բռնի տեղահանված բարեկամներ ունի և վարել է իր բարեկամի ավտոմեքենան, որը ԱՊՊԱ պայմանագիր չի ունեցել, տուգանվել է 100 հազար դրամով, նույքան գումարով էլ տուգանվել է արցախցի բարեկամը իր մյուս ավտոմեքենայի՝ ԱՊՊԱ չունենալու պատճառով․
«Բարեկամներիս բերել էի Արցախից։ Երկու մեքենայով գնացինք իրենց մեքենաները բերելու, ես վարել եմ մեքենան, մյուսն էլ վարել է արցախցին։ Մեր մեքենաները կանգնեցրին, ասացին՝ ԱՊՊԱ չունեք, 2 ավտոմեքենաներն էլ տուգանում ենք։ Մեզ 200 հազար դրամի տուգանք գրեցին՝ ԱՊՊԱ-ի համար․ երկու ավտոմեքենաներն էլ։ Այժմ ԱՊՊԱ-ն արել եմ, որ գոնե մի տուգանքը դառնա 25 հազար դրամ, բայց արցախցի բարեկամս չունի հնարավորություն՝ 100 հազար դրամ տուգանք վճարել ու նաև ԱՊՊԱ-ն անել»։