Իսրայելում հրթիռային հարվածի սպառնալիքի մասին նախազգուշացնող ազդանշաններ են հնչել
Իսրայելի հարավում գտնվող Աշկելոն քաղաքում հնչել են հրթիռային հարվածների սպառնալիքի մասին նախազգուշացնող ազդանշաններ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը:
«Աշկելոն քաղաքում և Գազայի հատվածին հարող տարածքում ազդանշաններ են հնչել», - հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակից:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։
Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, Գազայի հատվածում շուրջ 3500 մարդ է զոհվել, Հորդանան գետի արևմտյան ափին՝ 62։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։
Իսրայելական կողմում կա 1400 զոհ, առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել։