Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Իսրայել
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպումներ կունենա երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ի հրապարակումը։
Թել Ավիվում վայրէջքից հետո Սունակը հոկտեմբերի 7-ին Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ-ի հարձակումները որակել է որպես «ահաբեկչության անասելի, սարսափելի գործողություն» և կրկնել է, որ Մեծ Բրիտանիան կանգնած է Իսրայելի կողքին։
«Ես անհամբերությամբ սպասում եմ վարչապետի և նախագահի հետ հանդիպմանը և մեծ հույսեր ունեմ, որ դրանք արդյունավետ հանդիպումներ կլինեն», - ասել է Սունակը։
Հոկտեմբերի 17-ին Իսրայելում էր Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, հոկտեմբերի 19-ին՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իսկ առաջիկա օրերին սպասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը տարածաշրջան։
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախներ։ Հարվածներ են հասցվում նաև Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական կազմակերպության թիրախներին։
Հակամարտության սրացումից ի վեր, ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության, Գազայի հատվածում շուրջ 3500 մարդ է զոհվել, Հորդանան գետի արևմտյան ափին՝ 62։ Վիրավորների թիվը շուրջ 13 000 է։
Իսրայելական կողմում կա 1400 զոհ, ավելի քան 4500 վիրավոր։ Առնվազն 199 մարդ պատանդ է վերցվել ՀԱՄԱՍ-ի կողմից՝ Իսրայելում բանտարկված պաղեստինցիների հետ փոխանակման նպատակով։