Կանադան երկարաձգել է Իրանի միջուկային ոլորտի դեմ պատժամիջոցները
Կանադայի իշխանությունները պահպանել են Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որոնց վերջնաժամկետը պետք է լրանար հոկտեմբերի 18-ին՝ համաձայն «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրով» ձեռք բերված պայմանավորվածությունների։
Կանադայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պատժամիջոցները տարածվում են 18 անձի և 56 կազմակերպությունների վրա։ Օտտավայի պնդմամբ՝ նրանք կարող են կապված լինել միջուկային զենքի և բալիստիկ հրթիռների արտադրությանը նպաստող և աջակցող գործունեության հետ: Բացի այդ, ցանկում ընդգրկված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և դրա հետ կապված կառույցների նախկին և ներկա բարձրաստիճան ներկայացուցիչներ։
«Պատժամիջոցները, որոնք սահմանվել են մեր դաշնակիցների հետ համակարգմամբ, հստակ ուղերձ են հղում, որ միջուկային (խմբ․՝ զենքի տարածման հետ կապված կանոնների) չպահպանումն է՛լ ավելի կմեկուսացնի իրանական վարչակարգին։ Կանադան երկարաձգում է այս պատժամիջոցները, որպեսզի համոզվի, որ վարչակարգը կվճարի միջուկային զենքի տարածման գործունեության համար», - հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին։
Ավելի վաղ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան էին հայտարարել, որ հոկտեմբերի 18-ից հետո կպահպանեն Իրանի դեմ պատժամիջոցները։
IRNA գործակալության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրվանին նամակ է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ նշելով, որ Իրանի նկատմամբ սահմանված բոլոր պատժամիջոցները և սահմանափակումները, այդ թվում՝ միջուկային ծրագրի պատրվակով սահմանված միջոցները, «անհիմն են, անարդար և անօրինական»։