«Զատիկ»-ում տեղի ունեցած բռնության առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ
«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած բռնության դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ստացված ահազանգերի, ինչպես նաև հրապարակային տեղեկությունների հիման վրա Պաշտպանն անմիջապես նախաձեռնել է ուսումնասիրության ընթացակարգ, իրականացվել է բազմակողմանի քննարկում։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ից։
Խոսքը Արմլուրի հրապարակման մեջ հնչեցված դեպքի մասին է. «Հոկտեմբերի 6-ին Ավանի հոգեկան առողջության կենտրոն բուժօգնության է դիմել 15- ամյա Ն. Բաբայանը: Բուժանձնակազմի պնդմամբ երեխայի մոտ նախնական ախտորոշմամբ «սուր հալյուցինատոր համախտանիշ» է արձանագրվել: Երեխան պնդել է, որ իր հանդեպ բռնություն են գործադրել և սեռական բնույթի գործողություն կատարել: Փաստացի երեխան նշել է այն անձանց անունները, ովքեր իրեն ոչ միայն բռնության են ենթարկել, այլ նաև սեռական բնույթի գործողություններ կատարել»;
«Պարզաբանումներ ստանալու պահանջով գրություններ են ուղարկվել պետական իրավասու մարմիններին։ Հաշվի առնելով խնդրի հրատապությունը` Պաշտպանը խիստ կարևորում է դրա լուծման առնչությամբ անհետաձգելի և կոնկրետ միջոցառումների իրականացումը։
Դեռևս, 2023 թվականի մայիսին Մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Զատիկ» կենտրոն, արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ի թիվս այլնի, վերաբերել են հաստատությունում բռնության բոլոր ձևերից պաշտպանված լինելու իրավունքին, բնակելի տարածությանը, այդ թվում՝ տղաների ննջասենյակներին ներկայացվող չափանիշներին, երեխաների հանդեպ և երեխաների միջև բռնության դեպքերի, ինքնավնասումների, փախուստի և վնասվածքների գրանցումների ոչ պատշաճ ապահովմանը, աշխատողների ռեսուրսի պակասին և աշխատանքների իրականացման մեթոդաբանությանը: Արձանագրված խնդիրները և դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկություններն ուղարկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։
Գրություն է հասցեագրվել նաև ՀՀ գլխավոր դատախազություն։ Պարբերաբար քննարկումներ են տեղի ունեցել իրավասու մարմինների հետ (արձանագրված խնդիրներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով https://ombuds.am/am/site/ViewNews/2519 հղմամբ)։
Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս անդրադարձել է երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում առկա համակարգային խնդիրներին, որոնք ունեն անհետաձգելի լուծման անհրաժեշտություն:
Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ երեխայի պաշտպանությունը բռնությունից պետության առաջնահերթ պարտավորությունն է։ Պետք է մանրամասն վերլուծել բռնության կատարման պատճառներն ու նպաստող գործոնները, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ՝ հետագայում երեխայի նկատմամբ բռնության որևէ դեպք բացառելու նպատակով։
Այս համատեքստում պետությունը պարտավոր է հրատապ և գործուն քայլեր ձեռնարկել երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում բռնության դեպքերը բացառելու, ինչպես նաև այնտեղ գտնվող երեխաների համար անվտանգ և ապահով միջավայր ապահովելու ուղղությամբ։
Լրատվամիջոցների մեր գործընկերներին խնդրում ենք հեռացնել և չհրապարակել երեխաներին նույնականացնող որևէ տվյալ՝ բացառելով երեխային թիրախավորելու ռիսկերը և ապահովելով անձնական տվյալների պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրությունում։