Էլեկտրասյուներից կտրել են 9600 մետր ալյումինե մալուխ. Սիսիանի և Գորիսի ոստիկանները բացահայտել են գողության դեպքը
Հոկտեմբերի 17-ին ոստիկանություն հաղորդում էր տվել ՍՊ ընկերություններից մեկի աշխատակիցը: Նա հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ի ժամը 10.00-ից հոկտեմբերի 16-ի ժամը 10.00-ն ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզի Անգեղակոթ բնակավայրի վարչական տարածքից ՍՊԸ-ին պատկանող էլեկտրասյուներից կտրել են մոտ 9600 մետր ալյումինե մալուխ՝ հետագայում գողանալու նպատակով:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Սիսիանի և Գորիսի բաժինների ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայտնաբերել և Սիսիանի բաժին են տարել երեք երիտասարդի, որոնք նշված տարածքում մասնատում էին վերոհիշյալ մալուխը՝ «ՎԱԶ-21213»-ում տեղավորելու համար:
«ՎԱԶ-21213»-ը տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սիսիանի քննչական բաժին:
Հանգամանքները պարզվում են: