Ադրբեջանի դատարանում պահանջել են «հանել արցախահայի աչքերն ու կտրել լեզուն»
Բաքվում այսօր շարունակվում է դատական ֆարսը արցախցի առեւանգված Վագիֆ Խաչատրյանի դեմ։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, «տուժածներից» մեկը հայտարարել է, որ ամբաստանյալը այրել է ադրբեջանցիների, եւ դրա համար պետք է «հանել նրա աչքերը եւ կտրել լեզուն»։
«Ես այրել եմ ադրբեջանցի ժողովրդի՞ն։ Ես այնտեղ չեմ եղել, թանկագինս։ Դու այնտեղ որտե՞ղ ես ինձ տեսել»,- հարցրել է Խաչատրյանը մի քանի անգամ, ինչից հետո տուժածը լռել է։
Հիշեցնենք, որ Վ. Խաչատրյանը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, առեւանգվել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների մեղադրանք։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առեւանգումը, որը գտնվում է ԿԽՄԿ պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլեւ հայտնվել է մեղադրյալի աթոռին։