SADA-ն ներկայացրեց իր պրոֆեսիոնալ կարողությունները. SADA Armenia-ն «ԴիջիԹեք23»-ին հյուրընկալել է ավելի քան 800 այցելու
Բիզնեսի և տեխնոլոգիական խորհրդատու, Google Cloud-ի մրցանակակիր գործընկեր SADA-ն 18-րդ «ԴիջիԹեք»-ում հայկական տեխնոլոգիական համայնքին ներկայացրեց իր պրոֆեսիոնալ կարողություններն ու հստակ նպատակները:
Տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական էքսպոյի շրջանակում SADA Armenia-ի պրոֆեսիոնալները տաղավարի այցելուներին ներկայացնում էին, թե ինչպես է Google Cloud-ը SADA-ի ծառայությունների միջոցով օգնում տեխնոլոգիական ընկերություններին զարգանալ և ավելի արագ աճել ամպային ճարտարագիտության ու միգրացիայի, ամպային անվտանգության, արտադրողականության, տվյալների վերլուծության և գեներատիվ AI-ի լուծումների միջոցով։
«Սա մեր ընկերության երրորդ մասնակցությունն է «ԴիջիԹեք»-ին: Ներկայացնում ենք մեր պրոդուկտները, պատրաստ ենք հանդիպել ընկերությունների, որոնք ամպային տիրույթ տեղափոխվելու և ավելի արագ աճելու նպատակ ունեն, ինչպես նաև լսել ու ծանոթանալ աշխատանք փնտրողների: Իսկ առանցքում մեկն է՝ օգնել հայկական տեխնոլոգիական համայնքին և Հայաստանին զարգանալ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց SADA Armenia-ի Գործառնական տնօրեն Սյուզաննա Ազոյանը:
SADA-ն հիմնադրվել է 2000 թվականին ԱՄՆ-ում։ Սյուզաննան շեշտեց՝ SADA-ն 15 տարի շարունակ Inc.-ի կողմից ընդգրկվել է ԱՄՆ ամենաարագ աճող 5000 մասնավոր ընկերությունների ցուցակում: Ավելին՝ վեց տարի անընդմեջ ճանաչվել է Google Cloud-ի՝ Տարվա գործընկեր։