Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են խարդախությամբ գումարներ շորթողների
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Մեծամորի 34-ամյա և մայրաքաղաքի 31-ամյա երկու բնակիչ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, մոլորեցնում են մարդկանց ու գումարներ շորթում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից։
«Գովազդային թռուցիկների վրա նշված հեռախոսահամարին զանգողներին նրանք խոստանում են մինչև 3 միլիոն դրամի վարկ՝ փոխարենը պահանջելով հաշվեհամարին փոխանցել որոշակի գումար՝ վարկը հաստատելու նպատակով: Գումարը ստանալուց հետո չեն կատարում պայմանավորվածությունը: Իրացնելով տեղեկությունները՝ հոկտեմբերի 15-ին բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Ազգալդյան փողոցում նրանց հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են վարկեր տրամադրելու վերաբերյալ մեծ քանակի գովազդային թռուցիկներ: Նրանք իրավապահներին հայտնել են, որ թռուցիկները փակցրել են Էջմիածնի տարբեր հատվածներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: