«Ժողովուրդ». Ով է կալանքի տակ գտնվող Տաթև Արցախցին և ինչ կապ ունի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւիկ Վիրաբյանին (Տաթեւ Արցախ), շուրջ 25 օր է, ինչ կալանքի տակ են պահում. նա միակ կին քաղբանտարկյալն է, որը կալանավորվել է սեպտեմբերի 19-ին` ի պաշտպանություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ:
Տաթեւիկ Վիրաբյանին մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու համար: Կալանավորումից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին, նրա վիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում վատացել էր, բայց նույնիսկ դա չազդեց քաղաքական իշխանությունների կողմից կայացված որոշման վրա:
Իսկ ո՞վ է Տաթեւ Վիրաբյանը: Նրան ՔՊ-ն վաղուց էր թիրախավորել: Բանն այն է, որ Տաթեւը իշխող խմբակցության պատգամավոր, տխրահռչակ Հովիկ Աղազարյանի դեմ դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Աղազարյանի վարքը, սակայն ԱԺ-ն այդպես էլ չձեւավորեց հանձնաժողովը: Պատճառն այն էր, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով օգտատերը հայտարարել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, եւ հրապարակել էր անպարկեշտ նամակը:
Պատգամավորի եւ տիկնոջ միջեւ խնդիրը եղել էր այն, որ Տաթեւ Վիրաբյանը, տեսնելով Աղազարյանի վիրավորական ու հայհոյախառը գրառումները զոհվածների թեմայով, անձնական նամակ էր գրել պատգամավոր Աղազարյանին եւ նախատել ու ամոթանք տվել: Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նրան եւս հայհոյել էր: Իհարկե, դրանից հետո ծերունի պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց մինչ օրս:
Աղազարյանը պատասխանատվության չի ենթարկվել նաեւ այս տարվա սեպտեմբերի 27-ին զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում հայհոյելու, դրանից առաջ էլ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլը ոտքով հրելու եւ թափելու համար: Այսինքն՝ իրավապահ համակարգը տոտալ անգործության է մատնված, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, փոխանակ քրեական արարքներ գործած օրենսդրին պատժի, Տաթեւ Վիրաբյանին է կալանավորել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում