Վարկեր տրամադրելու վերաբերյալ կեղծ գովազդ են տարածել և շորթել վարկը հաստատելու նպատակով փոխանցված գումարները
Ոստիկանությունից հայտնում են․
«Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Մեծամորի 34-ամյա և մայրաքաղաքի 31-ամյա երկու բնակիչ, խաբեությամբ և վստահությունը չարաշահելով, մոլորեցնում են մարդկանց ու գումարներ շորթում: Գովազդային թռուցիկների վրա նշված հեռախոսահամարին զանգողներին նրանք խոստանում են մինչև 3 միլիոն դրամի վարկ՝ փոխարենը պահանջելով հաշվեհամարին փոխանցել որոշակի գումար՝ վարկը հաստատելու նպատակով: Գումարը ստանալուց հետո չեն կատարում պայմանավորվածությունը:
Իրացնելով տեղեկությունները՝ հոկտեմբերի 15-ին բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Ազգալդյան փողոցում նրանց հայտնաբերել, ձերբակալել ու բաժին են տեղափոխել: Խուզարկությամբ նրանց մոտ հայտնաբերվել են վարկեր տրամադրելու վերաբերյալ մեծ քանակի գովազդային թռուցիկներ: Նրանք իրավապահներին հայտնել են, որ թռուցիկները փակցրել են Էջմիածնի տարբեր հատվածներում:
Տղամարդիկ և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են»: