Սամվել Բաբայանը լիազորված չէ բոլորի անունից հայտարարություններ անելու․ Արցախի ԱԺ պատգամավոր
Արցախի ընդդիմադիր և իշխող խմբակցությունները խորհրդակցություններ չեն անցկացրել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Արցախի Հանրապետության գոյության դադարեցման մասին հրամանագիրը չեղարկելու հարցով, News.am-ին ասել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Նրա խոսքով՝ այդ հրամանագրի չեղարկման շուրջ պետք է լուրջ մասնագիտական քննարկումներ տեղի ունենան, պետք է տրվեն ճիշտ իրավական գնահատականներ․
«Գուցե կան այլ բազմաթիվ կառույցներ, որոնք օրեր շարունակ զբաղվո՞ւմ են այդ հարցով, սակայն հասկանալի պատճառներով չե՞ն բարձրաձայնում»,- նշել է պատգամավորը։
Նա շեշտել է, որ հրամանագիրը չեղարկելու բազմաթիվ հնարավորություններ կան․ «Օրինակ՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր էր ստորագրել, որով արգելվում էր մինչև 2023 թվականի մարտի 1-ը ՏԻՄ ընտրություններ անցկացնել, կարճ ժամանակ անց այդ նույն հրամանագիրը մեկ այլ հրամանագրով չեղարկվե,ց և Արցախում տեղի ունեցան ընտրություններ։ Իրավական գիտակցություն ունեցող անձինք հասկանում են՝ այդ թղթի շուրջ իրականությունն ինչպիսին է։ Ինձ համար Արցախի հարցը փակված չէ, պայքարը կա ու շարունակվելու է։ Հիմա պետք է զուսպ լինել՝ հաշվի առնելով այն, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այժմ գերեվարված է։ Յուրաքանչյուր քայլ պետք է չափել՝ իրենց վնասո՞ւմ, թե՞ օգուտ ենք տալիս»։
Անդրադառնալով Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, որ Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա, և որ դա իրականացնող լեգիտիմ մարմինը Արցախի ԱԺ-ն է, Մետաքսե Հակոբյանն ասել է․
«Մտքի փայլատակումները գուցե իր համար են նորություն, մնացած մասով առ այսօր մենք որևէ առաջարկ չենք ստացել, Սամվել Բաբայանի հայտարարության մասին էլ մամուլից ենք լսել։ Նա լիազորված չէ բոլորի անունից հայտարարություններ անելու։ Հետևաբար, ինչ ուզում է թող հայտարարի իր անունից։ Եթե նման բան կազմակերպվեր, մենք տեղյակ կլինեինք։ Նա իրատեսական բան չի ասում, բացի նմանատիպ հայտարարություններ անելուց։ Արցախի ընդդիմությունը շատ լավ է հասկանում այդ հրամանագիրը, որը նույնիսկ փաստաթուղթ էլ չի ։ Վստահ եմ, որ այդ փաստաթղթով չի կարող որևէ բան տեղի ունենալ, որ դրանից քաղաքակա դիվիդենտներ կարողանան հավաքել ու զուգահեռ՝ ընդդիմությանը մեղադրեն»։
«Ազատ հայրենիք» կուսակցության պատգամավոր Արամ Հարությունյանը ևս լրատվամիջոցին ասել է, որ նախագահի հրամանագիրը չեղարկելու հարցով առայժմ որևէ խորհրդակցություն չի անցկացվել։
«Այժմ Սամվել Բաբայանի խմբակցության ներկայացուցիչ Բաղունցը ԱԺ նախագահի ժամանակավոր պաշտոնակատարն է, և կարող է նման քննարկումներ անցկացնել։ Այսինքն՝ ոչ պաշտոնական տեսակետներ փոխանցվել են, բայց դեռևս պաշտոնական քննարկում չի եղել, գուցե լինի առաջիկայում։ Կարծում եմ՝ ինքնանպատակ պետք չէ դիտարկել նման հայտարարությունները, այլ պետք է ամբողջական ռազմավարություն ունենալ, այսինքն՝ դրան հաջորդող քայլերը պետք է հասկանալ, հասկանալ՝ արդյոք դա իրատեսակա՞ն է․ պետք է հստակ ծրագիր լինի։ Եթե լինի ճանապարհ, ապա կարելի է տակտիկական քայլեր կազմել և առաջ շարժվել։ Պետք է լինի ամբողջական փաթեթ»։