Եվրամիությունն ընդլայնում է համագործակցությունը ՆԳՆ փրկարար ծառայության հետ
Հոկտեմբերի 17-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանն ընդունել է Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներ» ծրագրի շրջանակներում Լիտվայի Հանրապետության Ներքին գործերի նախարարության հանրային անվտանգության քաղաքականության տնօրեն, փորձագետ Դարիուս Դոմարկասին, թիմի ղեկավար Թոմաս Բիկմանասին և տեղացի փորձագետ Արևիկ Սիմոնյանին։
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից՝ հանդիպմանը ներկա էին նաև ՓԾ տնօրենի տեղակալներ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը և ՓԾ ԲՊԱՌՆ վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Դաշյանը։
Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա մայիսին և նախատեսված է մինչև 2025 թվականի ապրիլի վերջ։ Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ իրավապահ համակարգի և անվտանգության ոլորտներում բարեփոխումների իրականացման գործում՝ Եվրամիության և Հայաստանի միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում սահմանված առաջնահերթություններին համահունչ, որի բաղադրիչներից մեկն է հանդիսանում «Արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը և մեթոդաբանության մշակումը»։
«Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենի տեղակալը բարձր գնահատեց ԵՄ ջանքերը՝ ուղղված ՆԳՆ փրկարար ծառայության կարողությունների զարգացմանը և ընթացիկ բարեփոխումների իրականացմանը՝ կարևորելով միջազգային փորձագետների դերակատարումը և արդյունավետ փոխհամագործակցությունը։
Հանդիպման առանցքում աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված միջոցառումներն էին․ մասնավորապես՝ ճգնաժամային կառավարման և արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների մշակման և տեղայնացման, օպերատիվ-տակտիկական պատրաստվածության, արձագանքման կազմակերպման, ճգնաժամային կառավարման բնագավառում որոշումներ կայացնող անձնակազմի վերապատրաստման, ինչպես նաև այլ պատասխանատու գերատեսչությունների հետ համագործակցության հարցերն էին։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և համագործակցության համար՝ Դարիուս Դոմարկասն իր պատրաստակամությունը հայտնեց աջակցելու Փրկարար ծառայությանը կարողությունների բարելավման ուղղությամբ, հատկապես նշեց, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի հետ համատեղ իրականացնել առկա օրենսդրական փաթեթի ուսումնասիրություն, ծառայության կառուցվածքի, ռեսուրսների վերլուծության և կարիքի գնահատման հիման վրա՝ համադրելով Լիտվայի փորձի հետ, մշակել արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման մեթոդաբանություն։ Փորձագետը նշեց, որ իրենց գերխնդիրն է նախապատրաստել ամբողջ անձնակազմին՝ կրտսերից մինչև որոշում կայացնողներ, որպեսզի վերջիններս առավել պատրաստ լինեն աշխատելու ճգնաժամային իրավիճակների պայմաններում և ընդունելու ճկուն որոշումներ, միաժամանակ օպերատիվորեն համագործակցելու այլ պետական կառավարման մարմինների հետ։
Փորձագետը դրական գնահատեց այն հանգամանքը, որ Հայաստանն առաջիկա տարիների համար ունի «Աղետների ռիսկի կառավարման ռազմավարություն և գործողությունների ծրագիր», ինչն արդեն իսկ կարևոր ձեռքբերում է և արդյունավետ ճանապարհային քարտեզ կապահովի փրկարար ծառայության կայուն զարգացման համար։
Հանդիպման ավարտին կողմերը հաստատեցին համագործակցության շրջանակը, սահմանեցին առաջիկա անելիքները՝ ըստ առաջնահերթությունների, որոնցում հաշվի են առնվելու ՓԾ ոլորտի օրենսդրական կարգավորումները և ընթացիկ գործողությունների պլանները։
Նշենք, որ հոկտեմբերի 18-ին ՃԿՊԱ-ում տեղի է ունենալու արտակարգ իրավիճակներում որոշումների կայացման մոդելների լիտվական փորձի ներկայացման թեմայով սեմինար-քննարկում, որին մասնակցելու են ՆԳՆ պատասխանատու ոլորտների փրկարարական և ոստիկանության ծառայողները»,- ասվում է հաղորդագրության մեջ։