Վարչապետը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ: Նրանց թվում են եղել Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հարցերով համազեկուցող Վիոլա ֆոն Կրամոն-Տաուբադելը, Հարավային Կովկասի հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և այլք:
Հանդիպմանը քննարկվել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության և հետագա զարգացման շուրջ: