Ինձ համար Արցախի էջը փակված չէ․ ՀՀ երրորդ նախագահ
Ինձ համար Արցախի էջը փակված չէ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ շանս տեսնու՞մ է, որ Արցախը վերադարձվի, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց՝ այո, շանս տեսնում է։
«Շանս տեսնում եմ, և բոլոր նրանք, ովքեր իմ բառերը պետք է մեկնաբանեն որպես հոխորտանք կամ ուղղակի զուտ խոսույթ, այդ մարդկանց հետ ընդհանրապես ես չեմ էլ ուզում շփվել»,- ասաց նա։
ՀՀ երրորդ նախագահը հավելեց՝ մինչև այժմ Արցախի Հանրապետության ինքնորոշումն իրականություն դարձնելու դեմ պայքարում էր ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունները և Արցախի նախկին իշխանությունը։
«Խնդրում եմ բառերս ճիշտ հասկանալ։ Ոչ թե Արցախի նախկին իշխանությունները, այլ նախկին իշխանությունը»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ Արայիկ Հարությունյանի՞ն նկատի ունի, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց․
«Արայիկ Հարությունյանն էլ է Բաքվում գտնվում, եկեք անվանական չխոսենք»։
ՀՀ երրորդ նախագահն անդրադարձավ նաև նախորդ տարիների բանակցային գործընթացին։
«Ամբողջ աշխարհի գիտի, որ գոնե Կազանում ադրբեջանցիներն են հրաժարվել։ Սա՝ մի հանգամանք, և երկրորդ հանգամանքը՝ բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ մինչև 2018 թվականի ապրիլը մենք որևէ այլ փաստաթուղթ չենք քննարկել։ Համանախագահների բոլոր առաջարկներին ի պատասխան՝ ասել ենք՝ ստացեք Ադրբեջանի համաձայնությունը, այնուհետև մենք կասենք մեր կարծիքը։ Եվ բոլոր պարագաներում էլ ադրբեջանցիները դեմ են եղել»,- ասաց ՀՀ երրորդ նախագահը՝ հիշեցնելով՝ այդ մասին փաստել է նաև ՌԴ ԱԳ նախարարը։