Բրյուսելում հրաձգություն իրականացրած և փախուստի դիմած կասկածյալը մահացել է
Բելգիայում հաստատել են, որ ոստիկանության բացած կրակից սպանվածը եղել է Բրյուսելում հրաձգություն իրականացրած և փախուստի դիմած կասկածյալը։ Այս մասին Բելգիայի ճգնաժամային կենտրոնը հաղորդագրություն է տարածել։
«Դաշնային դատախազի գրասենյակը հաստատել է, որ անցյալ գիշեր հրաձգություն իրականացնողի ինքնությունը հաստատվել է, և նա մահացել է», - գրել է գերատեսչությունը X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք՝ Բրյուսելի ոստիկանությունն ավելի վաղ հայտարարել էր, որ քաղաքի սրճարաններից մեկում սպանել է մի տղամարդու, սակայն չէր հաստատել, որ սպանվածը եղել է հարձակում իրականացնողը։
Բրյուսելի կենտրոնում հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության ժամանակ երկու շվեդ էր սպանվել, ևս մեկ մարդ՝ վիրավորվել։ Կասկածյալը միջադեպից հետո համացանցում տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։ Հրաձիգը փախուստի էր դիմել, իսկ Բելգիայի և Շվեդիայի միջև ֆուտբոլային խաղն առաջին խաղակեսից հետո դադարեցվել էր։