Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հրավերով ժամանել է Պեկին, որտեղ նշվում է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության 10-ամյակը։ Ռուսաստանի ղեկավարը Պեկինում կմնա երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:
ՌԴ նախագահի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է: Պուտին իր այցի առաջին օրը երկկողմ հանդիպումներ կունենա իր պաշտոնակիցների հետ, որոնք նույնպես մասնակցում են «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովին։ Նախատեսվում են բանակցություններ Վիետնամի նախագահ Վո Վան Թունգի, Թաիլանդի Թագավորության վարչապետ Սեթթա Թավիսինի, Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխի և Լաոսի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության նախագահ Թոնգլուն Սիսուլիտի հետ։
Բացի այդ, Ռուսաստանի ղեկավարը հոկտեմբերի 17-ին կմասնակցի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» համաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի պաշտոնական հանդիպման արարողությանը։
Համաժողովի հիմնական միջոցառումները տեղի կունենան հոկտեմբերի 18-ին Ժողովրդական ժողովների տանը` Տյանանմեն հրապարակում։ Պուտինը կմասնակցի դրա բացման արարողությանը։ Նաև հոկտեմբերի 18-ին տեղի կունենան ռուս-չինական բանակցություններ, ինչից հետո Պուտինը կշարունակի երկկողմ հանդիպումների շարքը համաժողովի շրջանակներում։ Նախատեսված է նրա զրույցը Պակիստանի անցումային կառավարության ղեկավար, վարչապետ Անվաար ուլ Հակ Կակարի հետ։
Չինաստանում այցի ավարտին Պուտինը կհանդիպի ռուսաստանցի լրագրողների հետ և կամփոփի ուղևորության արդյունքները: