ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մտադիր է պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում գտնվող 6000 պաղեստինցիների հետ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը մտադիր է Իսրայելի հարավում գերեվարված պատանդներին փոխանակել իսրայելական բանտերում պահվող 6000 պաղեստինցիների հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է արտերկրում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչության ղեկավար Խալեդ Մաշալը։
«Սիոնիստական (խմբ․՝ իսրայելական) բանտերում պահվում են 6000 պաղեստինցի տղամարդիկ և կանայք, որոնց մենք ցանկանում ենք ազատել իսրայելցի գերիների դիմաց։ Դիմադրությունը բավականաչափ ուժեր ունի և կարող է բանտերն ազատել բոլոր բանտարկյալներից», - ասել է նա։
Ինչպես հոկտեմբերի 16-ին հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի՝ «Իզ էդ Դին ալ Քասամի» բրիգադների ներկայացուցիչ Աբու Ուբայդան, արմատականների մոտ կա 200-250 պատանդ: Al Jazeera-ի եթերում հարցազրույցի ժամանակ Ուբայդան հայտարարել է, որ իսրայելական ռմբակոծությունների հետևանքով 22 պատանդ է զոհվել։
Իսրայելի պաշտպանության բանակը հոկտեմբերի 16-ին հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը պատանդ է պահում Իսրայելից գերեվարված 199 մարդու։