Պատգամավորները Բունդեսթագում ներկայացրել են Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրների լուծումները
Տարածաշրջանային անվտանգության ապահովման, Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների լուծման, Ադրբեջանի կողմից բռնի անհետացած և ձերբակալված անձանց ազատ արձակման նպատակով անհրաժեշտ են միջազգային հանրության հրատապ առարկայական քայլերը և Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ հավելելով, որ այս և կարևորագույն այլ հարցերն են բարձրաձայնվել հոկտեմբերի 16-ին Բունդեսթագում:
«ՀՀ ԱԺ պատվիրակության կազմով հանդիպել ենք Բունդեսթագի պատգամավորներ՝ ՔԴԿ խմբակցության մարդու իրավունքների հարցերով ավագ պատգամավոր և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Կնուտ Աբրահամի և ՔԴԿ արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Յուրգեն Հարդտի հետ:
Քննարկվել են մեր երկրի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման հնարավորություններն ու ուղիները: Ներկայացվել են խաղաղության օրակարգի շուրջ հայկական տեսակետը, տարածաշրջանային դերակատարների նկատմամբ ՀՀ հարաբերությունների առանցքային դրույթները, ԵՄ արժեքներին հավատարիմ մնալու ՀՀ հանձնառությունը», - ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Բաքոյանը: