Գողություն և գողության փորձ նույն օրը. ոստիկանների բացահայտումը
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11.52-ին, ոստիկանության ՕԿԿ ահազանգած քաղաքացին գողության մասին հաղորդում է տվել. տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Վերին Անտառային փողոցում գործող սննդի կետի պահեստային դուռը, գողացել չհրկիզվող պահարանը, նաև՝ դրամարկղում եղած 200 000 դրամը։
Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համակողմանի աշխատանքի շնորհիվ հանցագործությունը բացահայտվել է թարմ հետքերով։ Ստացվել է տեղեկություն, որ գողությունը կատարել է 29-ամյա մի երիտասարդ։ Նույն օրը նա ձերբակալվել է ու տեղափոխվել Կենտրոնական բաժին։
Մինչ միջոցառումները շարունակվել են, ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացվել է նմանատիպ մեկ այլ հաղորդում։ Քաղաքացին հայտնել է, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձել են բացել Կոնդի իր տան դուռը, սակայն իրենց կամքից անկախ հանցագործությունն ավարտին չեն հասցրել՝ դուռը չի բացվել։
Ձեռագիրը նույնն է եղել, և Կենտրոնականի քրեական հետախույզների կասկածը, որ դա ևս 29-ամյա երիտասարդի ձեռքի գործն է, հաստատվել է։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։