Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարմանը (լուսանկարներ)
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է «Սիլիկոնային սարեր 2023» ամենամյա միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությանը:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Խելացի երկրի մարտահրավերներին նվիրված գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմայով հատուկ ծրարի մարման արարողությունը: ՀՀ պետական մրցանակի 2022թ. դափնեկիրն է Adobe ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը, ում մրցանակը նախատեսվում է հանձնել գագաթնաժողովի շրջանակներում:
Մինչ հատուկ ծրարի մարման արարողությունը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս կարևոր իրադարձության կապակցությամբ: «Պետությունն ունի չորս խորհրդանիշ, որոնցից մեկը նամականիշն է: Իրականում, մեր կյանքում՝ տարվա, ամիսների, շաբաթների, օրերի ընթացքում բազմաթիվ իրադարձություններ են տեղի ունենում, բայց դրանցից քչերն են արտացոլվում նամականիշի վրա: Ես շատ ուրախ եմ, որ հենց կոնկրետ այս իրադարձությունն արդեն որերորդ անգամ նամականիշի մարումով է նշանավորվում, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձրել, դարձնում և դարձնելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը: Այդ պատճառով տարիներ առաջ ստեղծվեց համանուն նախարարությունը, որպեսզի դրանով նշանավորվի մեր հանձնառությունը ոլորտը զարգացնելու ուղղությամբ»,-ասել է Արայիկ Հարությունյանը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարն ուրախությամբ է ընդգծել, որ այս մրցանակի շրջանակներում Հայաստանում հյուրընկալվում են աշխարհում այս ոլորտի մեծանուն ներկայացուցիչները, այս դեպքում՝ Շանթանու Նարայենը: «Ես ուզում եմ այսօր մի քիչ առաջ ընկնելով` շնորհավորել նրան այս մրցանակը ստանալու առիթով և շնորհավորել բոլորիս նամականիշի մարման արարողության առիթով»,-իր խոսքը եզրափակել է Արայիկ Հարությունյանը:
Ծրարի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակին արժանացած 13-րդ դափնեկիր Շանթանու Նարայենը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
Հատուկ ծրարի վրա պատկերված է 2022 թվականին Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած 13-րդ դափնեկիրը՝ Adobe ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Շանթանու Նարայենը: Ծրարի վրա փակցված է 2018 թվականին թողարկված «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշ: Ծրարը պատրաստվել է 500 օրինակով: