Արմեն Ղազարյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագրերը
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին, տեղակալ Կլաուդիա Լամին, խորհրդականներ Քրիստիան Մամմերսին և Կրիստինա Ջենովեզեին: Այս մասին հայտնում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը:
Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության ողջ ընթացքով, ծավալներով, ընդհանուր թվում հատուկ խմբերի (երեխաներ, տարեցներ, խոցելի խմբեր, հղիներ և այլն) ցուցանիշներով:
Ա. Ղազարյանը ներկայացրել է բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացը, միջգերատեսչական համագործակցության մեխանիզմները, սոցիալական աջակցության ծրագրերը:
Ծառայության պետը պատասխանել է պատվիրակների հարցերին, ովքեր հետաքրքրվում էին նաև տեղահանված բնակչության ինտեգրման հնարավորություններով, մասնավորապես Հայաստանում դպրոցահասակ երեխաների կրթության իրավունքն իրացնելու հնարավորությամբ, տարբեր ոլորտների տվյալների շտեմարանների հասանելիությամբ, արխիվների պահպանմամբ: