Առողջական ո՞ր խնդիրների դեպքում է սերկևիլը կիրառվում․ մանրամասներ
Սերկևիլենին անհիշելի ժամանակներից տարածված է եղել պատմական Հայաստանում` Փայտակարանի անտառներում. հանդիպում է ՀՀ հյուսիսարևելյան շրջաններում, Կապանի անտառներում, Մեղրիում` ծովի մակերևույթից մինչև 1200 մ բարձրությունների վրա։
Այն լայն կիրառություն է ձեռք բերել ժողովրդական բժշկության ոլորտում և օգտագործվում են որպես իմունային համակարգն ամրապնդող, խորխաբեր, միզամուղ ու սրտամկանին տոնուս հաղորդող միջոց: Ընդ որում՝ բուժման նպատակով կիրառվում են ոչ միայն սերկևիլի պտուղները, այլև սերմերը, ճյուղերը, տերևներն ու կեղևը: Սերկեւիլի բաղադրության մեջ մտնող պեկտինային եւ դաբաղող նյութերի առկայությունը պայմանավորված է նրա հակաբորբոքային, արյունահոսությունը դադարեցնող, լուծը վերացնող հատկություններով:
Այս բույսն օգտագործվում է սրտամկանի, շնչուղիների ու աղեստամոքսային տրակտի հիվանդությունների դեպքում: Այն նաև շատ օգտակար է շաքարային դիաբետով ու զարկերակային գերճնշմամբ տառապողների համար: Այս դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել սերկևիլենու տերևների ու ճյուղերի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 1-2 ճաշի գդալ մանրացրած տերևներին ու ճյուղերին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից ու թրմել ևս 45 րոպե: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ մեկական ճաշի գդալ:
Բացի այդ, սերկևիլը շատ օգտակար է նաև փորլուծության դեպքում: Աղիների աշխատանքը կարգավորելու համար անհրաժեշտ է ընդունել սերկևիլենու ճյուղերի կեղևի թուրմը, որը պատրաստելու համար հարկավոր է 1 ճաշի գդալ մանրացրած կեղևին ավելացնել 1 բաժակ ջուր, եռացնել 15 րոպե, այնուհետև վերցնել կրակից ու թրմել ևս 45 րոպե: Ստացված թուրմը հարկավոր է ընդունել օրական երեք անգամ (ուտելուց հետո) 1-2 ճաշի գդալ:
Այս բույսի սերմերը շատ օգտակար են բերանի խոռոչի չորության դեպքում: Տհաճ զգացողություններից ազատվելու համար խորհուրդ է տրվում 2-3 սերմ դնել լեզվի տակ ու թողնել 1-2 ժամ: Այս մեթոդը շատ օգտակար կլինի երկարատև ելույթների դեպքում բերանի խոռոչի չորությունից խուսափելու համար, ուստի կարելի է սերմերը դնել լեզվի տակ ելույթից 20-30 րոպե առաջ, փոխանցում է Mediahub-ը։