Հռոմի Պապի ներկայացուցիչը պատրաստ է գերեվարված երեխաներին փոխարինել
Իսրայել պետությունում Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ, կարդինալ Պյերբատիստա Պիցցաբալլան, ով նաեւ Երուսաղեմի լատին պատրիարքն է, հայտարարել է, որ պատրաստ է ՀԱՄԱՍ-ի մոտ պահվող երեխաների փոխարեն ինքը հանձնվել գերության։ Այս մասին նա հայտարարել է իտալացի լրագրողների հետ տեսակոնֆերանսի ընթացքում։
«Ես պատրաստ եմ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող երեխաների փոխարեն հանձնվել երության։ Ոչ մի խնդիր չկա։ Ես հայտնում եմ ամբողջական պատրաստակամությունս»,- ասել է բարձրաստիճան կղերականը, հավելելով, որ առաջին հերթին պետք է հասնել նրան, որ ազատ արձակվեն պատանդներն ու գերիները, հակառակ պարագայում էսկալացիան դադարեցնել հնարավոր չի լինի։ Կարդինալ Պիցցաբալլան նաեւ ասել է, որ իր գրասենյակը դեռ ՀԱՄԱՍ-ի հետ ուղիղ շփումներ չի ունեցել։