Ռուսաստանը և Քաթարը հանդես են եկել Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների դադարեցման օգտին
ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը Քաթարի արտգործնախարար Մուհամեդ Բեն Աբդելռահման Ալ Թանիի հետ քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում, կողմերը հաստատել են ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում հումանիտար միջանցքների բացման անհրաժեշտությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ արտգործնախարարությունը։
«Հիմնական ուշադրությունը հատկացվել է մերձավորարևելյան կարգավորման խնդիրներին՝ շեշտը դնելով պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում աղետալի իրավիճակի արագ դեէսկալացիայի վրա։ Այդ համատեքստում կարևորվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը և հումանիտար միջանցքների բացումը, որոնք հնարավորություն կտան խուսափել նոր զոհերից և գործնական օգնություն ցուցաբերել տուժած խաղաղ բնակիչներին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կողմերն ընդգծել են «պաղեստինցիների և իսրայելցիների միջև բանակցային գործընթացի հաստատման կարևորությունը, որի վերջնական նպատակը պետք է լինի 1967 թվականի սահմաններում անկախ պաղեստինյան պետության ստեղծումը՝ Իսրայելի հետ խաղաղ և անվտանգ ապրելով՝ համաձայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի գործող բանաձևերի։