Ֆրանսիայի դպրոցում, որտեղ ուսուցիչ էր սպանվել, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել
Ֆրանսիայի հյուսիսային Արաս քաղաքում գտնվող դպրոցում, որտեղ հոկտեմբերի 13-ին սպանվել էր ուսուցիչներից մեկը, ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Առավոտյան տարհանվել են դպրոցում գտնվող բոլոր մարդիկ։ Հոկտեմբերի 16-ին դպրոցում դասեր չկային, սակայն հաստատության դռները բաց էին աշակերտների և անձնակազմի անդամների համար, որոնք իրենց հարգանքի տուրքն էին մատուցում սպանված 57-ամյա ուսուցիչ Դոմինիկ Բեռնարդի հիշատակին։
Ֆրանսիայի տարբեր քաղաքների դպրոցներում հոկտեմբերի 16-ին մեկ րոպե լռությամբ հարգել են սպանված ուսուցչի հիշատակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղի ունեցածն անվանել է «իսլամական ահաբեկչության» գործողություն։
Միջադեպից հետո Ֆրանսիայում կոչեր են հնչեցրել ավելի խիստ անվտանգության միջոցառումներ ձեռնարկել դպրոցներում։ Կառավարությունը երկրում հայտարարել է զգոնության բարձր աստիճան և անվտանգության ուժեղացման նպատակով լրացուցիչ 7000 զինվորականի է տեղակայել։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, ուսուցչին դանակահարությամբ սպանել էր ազգությամբ չեչեն 20-ամյա մի տղամարդ, ևս 2 մարդ վիրավորվել էր։ Կասկածյալը ձերբակալված է։
Արաս քաղաքն ունի հրեական և մուսուլմանական մեծ համայնքներ։