Անշարժ գույքի նվիրատվությունների թիվն աճել է, որովհետև բանկերը գումարի կանխիկացումից տոկոս են պահում. Պապոյանը ԿԲ-ից դժգոհեց
Եթե 2020թ.-ի առաջին կիսամյակում անշարժ գույքի մոտ 20 000 առքուվաճառքի գործարք է եղել, որից 6 000-ը՝ նվիրատվություն, ապա 3 տարի հետո, 20 000 թիվը դարձել է 23 700, նվիրատվությունները՝ 6 000-ից 12 000, այսինքն՝ կրկանկի աճել են. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։
«Այստեղ կան որոշակի ռիսկեր։ Մեր քաղաքացիները երբեմն այսպես են վարվում ոչ թե որովհետև ուզում են ինչ-որ բան թաքցնել, այլ իրենց հարմար է, և այս քննադատությունը ԿԲ-ին է ուղղված», - ասաց նա։
Պապոյանը բացատրեց, թե նաև ինչով է պայմանավորված նվիրատվությունների նման աճը։ «Քաղաքացիները վաճառում են իրենց գույքը, պետք է միայն անկանխիկ վաճառեն և բանկերի մի մասը գումարով է կանխիկացնում։ Գիտեմ 2 բանկ, որ անվճար են կանխիկացնում, բայց բանկեր կան, որ 0,2%, 0,25% նույնիսկ 0.5 տոկոս, սա այն պատճառներից մեկն է, որ քաղաքացին խուսափում է, չի ուզում վաճառքի 0,2 տոկոսը տալ ուրիշին», - ասաց նա և նշեց, որ էականորեն սահմանափակել են ապօրինի գույքի օրինականացման գործընթացը, բայց մարդիկ էլի ճանապարհներ են փնտրում խուսափելու և այս օրինակը դրանցից մեկն է։
«Մեր ընդունած օրենքներից բանկերը պետք է չօգտվեն ու չմատուցված ծառայությունների համար գումար գանձեն քաղաքացիներից»,-ասաց նա։