Ռուսաստանն արգելել է Ճապոնիայից ծովամթերքի ներկրումը, մինչև հաստատվի դրա անվտանգությունը
Ռուսաստանը միացել է Չինաստանին և ժամանակավորապես արգելել է Ճապոնիայից ձկան և ծովամթերքի ներմուծումը, ինչը կապված է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից ջրի բացթողման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը (Ռոսսելխոզնադզոր) հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում հոկտեմբերի 16-ից։
«Սահմանափակումներ են մտցվում այնքան ժամանակով, մինչև տրամադրվի համապարփակ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է ջրային արտադրանքի անվտանգությունը և Եվրասիական տնտեսական միության պահանջներին համապատասխանությունը հաստատելու համար, ինչպես նաև մինչև Ռոսսելխոզնադզորի մասնագետների կողմից դրա վերլուծությունը», - նշված է հաղորդագրությունում։
Չինաստանը Ճապոնիայի 10 պրեֆեկտուրաներից ծովամթերքի ներմուծման արգելք էր սահմանել հուլիսի 7-ից, իսկ օգոստոսի 24-ից, երբ Ճապոնիան սկսեց ատոմակայանից ջրի բացթողումը, Չինաստանն առհասարակ արգելեց Ճապոնիայից բոլոր տեսակի ծովամթերքի ներմուծումը։
Իր հերթին ջրի բացթողումից հետո Հարավային Կորեան երկարաձգել է Ճապոնիայի ութ պրեֆեկտուրաներից ծովամթերքի ներմուծման արգելքը, որը սահմանվել էր դեռ 2013 թ․-ին։
2011 թ․-ին վթարված «Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ից ծովը արտանետվող ջուրը մաքրված և նոսրացված է սովորական ծովի ջրով, սակայն այն պարունակում է տրիտիում՝ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ, որը չի ենթարկվում հեռացման։ Այժմ ատոմակայանի տարածքում կուտակվել է ավելի քան 1,34 մլն տոննա ջուր։ Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել 30-40 տարվա ընթացքում այն աստիճանաբար լցնել օվկիանոսը: Ծրագիրը հավանության է արժանացել ՄԱԳԱՏԷ-ի կողմից, սակայն որոշ երկրների մոտ դժգոհություն է առաջացրել։