1 մլն մարդ հեռացել է Գազայի հատվածից, զոհերի թիվը հասել է 2 750-ի. ՄԱԿ գործակալություն
ՄԱԿ պաղեստինցի փախստականներին օգնության ցուցաբերման եւ աշխատանքների կազմակերպման գործակալությունը հրապարակել է զեկույց Գազայի հատվածի եւ Արեւմտյան ափի իրավիճակի մասին, որտեղ նշվել է, որ «Գազայի հատվածում պարկերը չեն բավականացնում դիակների համար»։
Հինգերորդ օրն անընդմեջ չկա էլեկտրականություն, չկա ջրամատակարարում, չի գործում կոյուղին, հատվածը կոլապսի եզրին է։ Գազայի բնակիչները պարենի եւ մաքուր ջրի հասանելիություն չունեն։
Ավելի քան մեկ մլն մարդ՝ Գազայի հատվածի բնակչության մոտ կեսը, ստիպված է եղել հեռանալ։ 600 000 ներքին տեղահանվածներ գտնվում են Խան Յունիսում եւ Ռաֆահում։ Նրանցից 400 000-ը գործակալության հաստատություններում է։
Սպանվածների թիվն ավելանում է։ Գազայի հատվածում պարկերը չեն բավականացնում դիակների համար։
Գործակալությունը տեղեկացրել է, որ իր 14 աշխատակիցներ սպանվել են, «նրանց թիվը, հավանաբար, ավելի մեծ է», կան 23 հաստատված տեղեկություններ այն մասին, որ գործակալության օբյեկտները տուժել են իսրայելական ավիահարվածներից»։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհված պաղեստինցիների թիվը Գազայի հատվածում հասել է 2 750-ի։ 9 700 վիրավոր կա հոկտեմբերի 7-ից ի վեր։