Կազինոները նախագծով վերահսկվելո՞ւ են․ իրենց հաճախորդներին ասում են՝ «արխային, «տակից» կխաղաք». ՔՊ պատգամավոր
Կազինոների վերահսկողությունն ինչպե՞ս է կատարվելու. ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հարցրեց ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
«Օնլայն խաղերի հարթակում լիցքավորումը ևս օնլայն է, բայց կազինոներ մարդը ֆիզիկապես է գնում և այսպիսի խոսակցության կա, որ կազինոներն ասում են իրենց մշտական հաճախորդներին՝ արխային եղեք, մենք ձեզ հնարավորություն կտանք «տակից» խաղալու», - «Վիճակախաղերի մասին» օրենքում, ինչպես նաև «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց նա։
Նշենք, որ նախագծով նախատեսվում է անձի նույնականացում, ըստ որի՝ անձը միայն իր քարտով պետք է խաղադրույք անի։
Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը պատասխանեց, որ դա ենթադրում է քրեական պատասխանատվություն՝ ապօրինի խաղային գործունեություն կազմակերպելու համար։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը նշեց, որ ՀՀ-ում ներկայումս 5 խաղատուն է գործում, որից 4-ը՝ Ծաղկաձորում, մեկը՝ Երևանի մատույցներում։
«Ոլորտին ուշադիր ենք, ՊԵԿ-ը բավական մեծ նախագծերի փաթեթ է շրջանառել, ըստ որի, լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածություն կդնի խաղատների վրա, որպեսզի պետությունը օնլայն վերահսկի ինչ է կատարվում խաղատներում։ Եթե նման տեխնիկական լուծում տա, վերահսկողության մակարդակը կբարձրանա։ Նման քայլերը հիմք կդառնան, որ եթե մարդն իր սև փողն ուզում է լվանալ խաղատան միջոցով՝ խաղատունը չուզենա՝ նա իր մոտ գա, որովհետև ինքը էլի վերահսկողության տակ է լինելու», - ասաց նա։
Փոխնախարարը համաձայնեց՝ պրակտիկայում պարզ է, մասնավորը կրեատիվ է ու ամեն ինչ կարող է շրջանցել։ «Բայց պետք է փորձենք դեմն առնել, ՊԵԿ-ն ուշադիր է», - ասաց նա։