Այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտեր, բայց շահագործում են շինությունը, այսուհետ տուգանվելու են. Ավինյան
Նախորդ շաբաթվա ընթացքում Երեւան քաղաքում ընթացքում գտնվող բազմաբնակարան շենքերի եւ այլ օբյեկտների շինաշխատանքների նկատմամբ վերահսկողության արդյունքում քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից կազմվել է 10 արձանագրություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխ տակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:
«Դրանցից 3-ը ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումների դեպքերն են, իսկ 7-ը՝ շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերը»,-ասաց նա:
Ասատրյանը հիշեցրեց, որ արդեն ուժի մեջ է մտել օրենսդրական այն փոփոխությունը, որն իրենց թույլ է տալիս տուգանել այն կառուցապատողներին, որոնք առանց շահագործման թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները. «Առաջին տուգանքը կազմելու է 500-700 հարյուր հազար դրամ, իսկ դրանից հետո շարունակելու դեպքում՝ 1-1,5 մլն դրամ»:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Սա նշանակում է, որ այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտեր եւ շահագործման թույլտվություններ, իրենք ենթարկվելու են պատասխանատվության: Նախկինում փաստացի շահագործվում էր, քանի որ պատիժ չկար դրա համար, հիմա հարգելի գործընկերներ, սիրելի կառուցապատողներ, հուսով եմ՝ այս կարեւոր տեղեկատվությունը բոլորիդ կհասնի: Մենք նոր շրջափուլ ենք մտնում, որ բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը: Սա եւս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար: Հետեւապես խնդրում ենք, հորդորում ենք, որ մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակներում եւ իրականացնել այն նախագծերը, որոնք դուք պարտավորվել եք քաղաքապետարան ներկայացրած փաստաթղթերով»: