Իրանը միջնորդների միջոցով Իսրայելին զգուշացրել Է ձեռնպահ մնալ Գազայի հատվածին հարվածները շարունակելուց
Իրանը Իսրայելի դաշնակիցների միջոցով զգուշացրել է Թել Ավիվին, որ եթե չդադարեցնի հարվածները Գազայի հատվածին, «վաղը ուշ կլինի»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել Է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:
«Մենք տեղեկացրել ենք սիոնիստական կազմավորմանը (նկատի ունի Իսրայելը -ծանոթ. ՏԱՍՍ) իր դաշնակիցների միջոցով, որ եթե Գազայի հատվածում նրա հանցագործությունները չդադարեն, վաղը ուշ կլինի»,- հայտարերել է Աբդոլլահիանն Al Jazeera-ին։
Ինչպես նշել Է Իրանի ԱԳ նախարարը, «եթե Գազայի հատվածի դեմ ագրեսիան կանգնեցնել չհաջողվի, ռազմական ճակատների ընդլայնումը չի բացառվում, դրա հավանականությունը ժամ առ ժամ մեծանում է»:
«Իրանը չի կարող դիտողի տեղ զբաղեցնել այս իրավիճակում»,- ընդգծել է Աբդոլլահիյանը: Նրա խոսքով՝ Թեհրանում հույս ունեն, որ քաղաքական ջանքերը կկանխեն հակամարտության տարածումը:
Իսրայելն այժմ արմատական պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Զինվորականները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը գրոհել էր Իսրայելի հարավը։ Այս իրադարձությունները հանգեցրել են Սիրիայի և Լիբանանի հետ Իսրայելի սահմաններին լարվածության աճին։ Յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում: