Իսրայելի զինվորականները գնդակոծել են Հալեպի օդանավակայանը
Իսրայելցի զինվորականները գնդակոծել են Սիրիայի Հալեպ քաղաքի միջազգային օդանավակայանը, լույս հոկտեմբերի 15-ի գիշերը հաղորդել են արաբական լրատվամիջոցները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, դրանց տվյալներով՝ հարվածները շարքից հանել են թռիչքուղին: Դրանից մի քանի ժամ առաջ սիրիացի մասնագետներն ավարտել էին դրա վերանորոգումն այս շաբաթվա սկզբին իսրայելական մեկ այլ հարձակումից հետո։
Իսրայելական ԶԼՄ-ները գրում են, որ օդանավակայանի գնդակոծումը հաջորդել է Սիրիայի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակմանը:
Իսրայելն այժմ արմատական պաղեստինյան խմբավորումների դեմ ռազմական գործողություն է իրականացնում Գազայի հատվածում: Զինվորականները նման քայլի են դիմել այն բանից հետո, երբ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ շարժումը գրոհել էր Իսրայելի հարավը։ Այս իրադարձությունները հանգեցրել են Սիրիայի և Լիբանանի հետ Իսրայելի սահմաններին լարվածության աճին։ Յուրաքանչյուր կողմից զոհված խաղաղ քաղաքացիների թիվը գերազանցել է հազարը, մի քանի հազար իսրայելցիներ և պաղեստինցիներ վիրավորվել են: Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը Գազայի հատվածում ավելի քան 120 քաղաքացիական անձանց պատանդ է պահում: