ԱՄՆ-ը և Ճապոնիան լայնածավալ զորավարժություններ են սկսել
Ճապոնիան և Միացյալ Նահանգները լայնածավալ զորավարժություններ են սկսել Ճապոնիայի հարավ-արևմտյան և հարավային Կյուսյու և Օկինավա պրեֆեկտուրաներում, ինչպես նաև կղզիների պաշտպանության նպատակով հյուսիսային Հոկայդո կղզում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին։
Զորավարժությունները, որոնց մասնակցում են Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանական ջոկատները և ԱՄՆ-ի ծովային հետևակային կորպուսը, կշարունակվեն մինչև ամսվա վերջ՝ 6400 մարդու մասնակցությամբ։ Զորավարժությունների մեկնարկի արարողությունը տեղի է ունեցել Կումամոտո քաղաքում։
«Այս զորավարժություններն ուղղակիորեն կապված են Ճապոնիայի և հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության հետ»,- ասել է Ճապոնիայի ցամաքային ինքնապաշտպանության ուժերի արևմտյան բանակի հրամանատար Տոշիկազու Յամանեն։
Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի զինվորականներն առաջին անգամ կտեղակայվեն Իշիգակի կղզում, որը գտնվում է Թայվանի հարևանությամբ, և կաշխատեն ճապոնական ինքնապաշտպանական ուժերի հետ, որպեսզի կանխեն թշնամու նավերի և ինքնաթիռների հնարավոր մոտենալը դեպի հարավ-արևմտյան ծայրամասային կղզիներ:
Զորարժանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով Չինաստանի աճող ակտիվությունը հեռավորասիական տարածաշրջանում։