ՄԱԿ-ը հաղորդում է Գազայի հատվածում խմելու ջրի պակասի մասին
Գազայի բնակիչները խմելու ջրի բացակայության պատճառով ստիպված են խմել աղաջուր գյուղատնտեսական հորերից, ինչը մեծացնում է հիվանդությունների վտանգը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասված է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի մամուլի հաղորդագրության մեջ։
«Մարդիկ չունեն մաքուր ջրի հասանելիություն այն բանից հետո, երբ դադարել է ջրամատակարարումը՝ աղազերծման և ջրի մաքրման կայանների աշխատանքի խափանման պատճառով: Մարդիկ որպես վերջին միջոց խմում են աղաջուր՝ գյուղատնտեսական հորերից, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների տարածման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելն «Ալ-Աքսայի ջրհեղեղ» գործողության շրջանակում Գազայի հատվածից ենթարկվել է աննախադեպ մասշտաբի հրթիռակոծման, ինչի մասին հայտարարել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը։ Բացի այդ, զանգվածային հրթիռային հարձակումներից հետո կազմակերպության մարտիկները ներթափանցել են հարավային Իսրայելի սահմանային շրջաններ։ Ի պատասխան՝ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ սկսել են իրականացնել «Երկաթե սրեր» գործողությունը։
Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը՝ օդային հարվածներ հասցնելով այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։