Փաշինյանն ընտրում է արևմտամետ վեկտոր. Վիգեն Հակոբյան. Alphanews.am
Alpha Newsroom-ի ուղիղ եթերում ռուս լրագրող և փորձագետ Վիգեն Հակոբյանն ընդգծել է, որ տեղի է ունենում պետությունների ազդեցության տարածաշրջանայնացում, և այն երկրները, որոնք ունեն ազդեցության իրական մեխանիզմներ, դնում են իրենց պայմանները՝ ցույց տալով, որ հավասարակշռումն այլևս անընդունելի է։
«Փաշինյանի՝ Բիշքեկ գնալուց հրաժարվելը պայմանավորված է Հայաստանի ներկայիս կառավարության ռազմավարական հաշվարկով՝ վերանայել արտաքին քաղաքական առաջնահերթությունները և ձևաչափերը, որոնցում Հայաստանը երկար տարիներ աշխատել է անկախություն ձեռք բերելուց հետո։ Դրանք ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը, ԵԱՏՄ-ն են, այսինքն՝ ձևաչափեր, որոնցում գերակայում և համակարգում էր Ռուսաստանը։
Մենք գիտենք, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանությունը փոխվել է և նոր առաջնահերթություններ են ի հայտ եկել։ Իսկ մինչ այդ, խոսեցինք Հայաստանի եվրաինտեգրման մասին, Եվրամիության հետ ասոցացման մասին, ՆԱՏՕ-ի հետ վարժանքներ անցկացվեցին , նրանց հետ համաձայնագիր ստորագրվեց «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով և այլն։ Կարծում եմ, որ հիմա, երբ տարածաշրջանում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, Ղարաբաղյան վերջին պատերազմի հետևանքով, Երևանի իշխանությունների համար իրավիճակն այն աստիճանի է հասել, որ անհրաժեշտ է կոնկրետ գործողություններ ձեռնարկել, քանի որ համաշխարհային հարթակում մենք տեսնում ենք լուրջ առճակատում։
Փոխլրացման քաղաքականությունը, որը ինչ-որ ժամանակ կարող էր օգնել Հայաստանին հավասարակշռել համաշխարհային ուժային կենտրոնների միջև, կորցրել է իր արդիականությունը, քանի որ գլոբալ մակարդակում առճակատում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի և այլ ուժերի միջև։Բացի այդ, տեղի է ունենում պետությունների ազդեցության տարածաշրջանայնացում, այսինքն՝ այն երկրները, որոնք տարածաշրջանում ազդեցության իրական մեխանիզմներ ունեն, իսկ մեր տարածաշրջանում՝ Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, իրենց պայմաններն են դնում՝ ցույց տալով, որ այդ հավասարակշռումը այժմ նրանց համար անընդունելի է։ Բայց, քանի որ, մենք արդեն ասոցացվում ենք այս ծրագրերի հետ, և քանի որ Հայաստանում գործող իշխանությունը պարտավորություններ ունի, պարտավոր է ընտրություն կատարել։
Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդին ուղղված ուղերձից հասկացանք, և դա հստակ հետևեց նրա խոսքերից, որ Հայաստանն ընտրում է արևմտամետ վեկտոր, քանի որ եթե երկրի ղեկավարը պնդում է, որ իր գործընկերը փորձում է բացահայտել իր թուլությունները անվտանգության և ուժային ոլորտում, ապա անտրամաբանական կթվա այս գործընկերոջ հետ ինչ-որ ինտեգրացիոն գործընթացների մասնակցելը»,- նշել է փորձագետը։
Մեկնաբանելով Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը, Վիգեն Հակոբյանն ասել է, որ սխալ է միակողմանիորեն գնահատել Ռուսաստանի քաղաքականությունը և ամբողջությամբ անտեսել մեր իսկ հայկական քաղաքականությունը։
«Կարծում եմ, որ ընդհանուր առմամբ, չափազանց սխալ է գնահատել Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի և տարածաշրջանի նկատմամբ, և ամբողջությամբ անտեսել մեր սեփական հայկական քաղաքականությունը։ Այսինքն՝ Ռուսաստանի քաղաքականությունը ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային այլ պետությունների նկատմամբ, հիմնված է այն քաղաքականության վրա, որը այս պետությունը վարում է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։
Ուզում եմ հիշեցնել այն պատմությունը, երբ Պետդումայի նախագահը եկավ Երևան և հայտարարեց, ենթադրելով, որ բոլորը ուրախ կլինեն, որ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է։ Հետո սկանդալ բարձրացավ, բոլորն ասում էին, որ Ռուսաստանը Հայաստանի ֆորպոստն է, մենք ինքնիշխան պետություն ենք և այլն։
Եթե այսօրվա տեսանկյունից նայեք, ո՞ւմ դեմ էր այդ ֆորպոստը ստեղծել Ռուսաստանը։ Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, որոնք իրենց գաղափարախոսությամբ մեկ ժողովուրդ են, այսինքն՝ մեկ ժողովուրդ, երկու պետություն։ Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բոլոր հակամարտություններն ու հարաբերությունները պետք է դիտարկենք այս տեսանկյունից, որ դրանք մեկ ժողովուրդ են։ Եվ այս ֆորպոստը, ըստ էության, ծառայում է նրանց` բավականին հզոր ազդեցությունը զսպելուն։
Բայց մենք չէինք ուզում լինել Ռուսաստանի ֆորպոստը տարածաշրջանում, մենք ցանկանում էինք եվրաինտեգրում և հարաբերություններ ՆԱՏՕ-ի հետ։ Եվ սա գործեց այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում ուժային կենտրոնների միջև չկային սուր գլոբալ հակասություններ, բայց հենց դրանք հայտնվեցին, մեր այս ինքնիշխան ընտրությունը սկսեց խաղալ մեր դեմ՝ Հայաստանի դեմ։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանի քաղաքական, տնտեսական և ռազմական ներուժը թույլ չի տալիս վստահ խաղացող լինել Անդրկովկասի նման տարածաշրջանում»,- եզրափակել է Հակոբյանը։