Եգիպտոս-Գազա սահմանային անցակետը կարող է վերաբացվել
Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը հոկտեմբերի 14-ին հավանաբար կբացվի՝ Գազայի բնակիչներին տարհանելու համար։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
«ԱՄՆ Պետդեպարտամենտի ճգնաժամային կառավարման հյուպատոսական համակարգը խորհուրդ է տվել, որ Ռաֆահի անցակետը կարող է բաց լինել շաբաթ օրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչները իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ ակտիվորեն քննարկում են Գազայի բնակիչների անվտանգ ելքի համար միջանցքի ստեղծման հարցը։
«Մենք աշխատում ենք իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ՝ ստեղծելու անվտանգ հումանիտար միջանցք ինչպես Գազայի բնակիչների համար, ովքեր փորձում են խուսափել այս պատերազմից, այնպես էլ ապահովելու, որ մարդասիրական օգնությունը հասնի այդ տարածքում գտնվող կարիքավորներին», - նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Եգիպտոսի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Գազայի հատվածի սահմանին գտնվող Ռաֆահ անցակետը բաց է ուղեբեռների համար, սակայն այն չի գործում իր սովորական ռեժիմով՝ պաղեստինյան կողմին իսրայելական հարվածների հետևանքով սահմանային անցակետին հասցված վնասի պատճառով։