Պուտինը հայտնել է Հայաստան այցելելու պատրաստակամության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայաստան այցելելու պատրաստակամության մասին՝ նշելով, որ Երևանի հետ աշխատանքը չի դադարում թե՛ ԱԳ նախարարության, թե՛ կառավարության տնտեսական բլոկի միջոցով, գրում է ՌԻԱ Նովոստին։ Նա հավելել է, որ մշտապես կապի մեջ է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Նորմալ իրավիճակ կստեղծվի, և ես կգնամ նրանց մոտ, կամ ինքը կգա։
Մենք համապատասխան աշխատանքային գրաֆիկ ունենք։ Մեր բոլոր ծառայությունները կապի մեջ են, աշխատում են և՛ ԱԳՆ-ն, և՛ կառավարության տնտեսական բլոկը։ Մեր աշխատանքը չի դադարում»,- ասել է Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը։ Միջազգային քրեական դատարանի նախաքննական պալատը, որի իրավասությունը Մոսկվան չի ճանաչում, մարտին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալության օրդեր է տվել։