Պաղեստինի նախագահը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խաղաղության կոչ է արել՝ դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունը և խնդրելով անհապաղ դադարեցնել ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ։ Այս մասին հաղորդում է NBC-ն՝ պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը հղումով:
«Մենք մերժում ենք խաղաղ բնակիչներին սպանելու կամ նրանց բռնության ենթարկելու պրակտիկան երկու կողմից, քանի որ այն հակասում է բարոյականությանը, կրոնին և միջազգային իրավունքին»,- ասել է նա:
Պաղեստինի նախագահը կոչ է արել ազատ արձակել խաղաղ բնակիչներին և պատանդներին:
Մահմուդ Աբասը հոկտեմբերի 12-ին Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ: Նրանք քննարկել են Գազայի հատվածում մարդասիրական և բժշկական օգնության, ինչպես նաև ջրի և էլեկտրաէներգիայի անհրաժեշտության հարցեր:
Նա նաև շեշտել է, որ պաղեստինցիները դեռ հաստատակամ են ազատության և անկախության իրենց նպատակների հարցում: