Վարդենիսում ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. երիտասարդը կալանավորվել է
Ոստիկանության Վարդենիսի բաժնի քրեական հետախուզության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Վարդենիսի բնակիչ 23-ամյա մի երիտասարդ ապօրինի կանեփ է աճեցնում, պատրաստած թմրանյութն էլ իրացնում համագյուղացիներին:
Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ: Ստացված տեղեկություններն իրացնելով՝ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Վարդենիսի բաժնի ծառայողների և Վարդենիսի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 2-ին խուզարկվեց 23-ամյա վարդենիսցու փաստացի բնակության վայրն իր օժանդակ շինություններով և Սոթքում գտնվող նրա առանձնատունն ու կից շինությունները:
Փաստացի բնակության վայրից հայտնաբերվեց ընդհանուր 160 գրամից ավելի, իսկ Սոթքի առանձնատնից՝ 570 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված:
Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, որի հումք կանեփն ինքն է աճեցրել: Հաստատվեց նաև երեք համագյուղացիներին թմրանյութ իրացնելու տեղեկությունը:
Նույն օրը երիտասարդը ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ հոկտեմբերի 3-ին նրան մեղադրանք առաջադրվեց. խափանման միջոց ընտրվեց կալանքը:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: