Շիրակի պարեկները հայտնաբերել են ապօրինի թմրաշրջանառությամբ զբաղվող երիտասարդին
Հոկտեմբերի 9-ին Շիրակի մարզի պարեկները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մայրաքաղաքի բնակիչ 29-ամյա մի երիտասարդ թմրաշրջանառությամբ է զբաղվում:
Տեղեկություններն իրացնելով՝ նրանք Երևանյան խճուղում կանգնեցրել են երիտասարդի վարած «Նիսան» մակնիշի ավտոմեքենան: Ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով պարեկները նրան ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավեններով փաթեթավորված 8,73 գրամ ընդհանուր քաշով 8 փաթեթ: Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, որը ձեռք է բերել տելեգրամյան ալիքներից մեկով՝ Երևանում և Գյումրիում տարբեր հասցեներում իրացնելու համար: Նա նաև հայտնել է, որ մեքենայում նույնպես կան թմրանյութի փաթեթներ:
29-ամյա երևանցին և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: