ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Իսրայելի պատասխանը ՀԱՄԱՍ-ին համաչափ կլինի
ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Իսրայելի պատասխանը պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումներին համաչափ կլինի, և նաև կոչ է արել հնարավոր ամեն ինչ անել՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար։ Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է РИА Новости-ն։
«Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու: Այն ենթարկվել է ահաբեկչական հարձակման, բազմաթիվ խաղաղ բնակիչներ են զոհվել: Իսրայելն իրավունք ունի պաշտպանվելու այս տեսակի ահաբեկչություններից: Իհարկե, ես ակնկալում եմ, որ երբ մենք տեսնենք Իսրայելի պատասխանը, այն կլինի համաչափ, և կարևոր է՝ անել հնարավոր ամեն ինչ այս շարունակվող հակամարտությունում անմեղ խաղաղ բնակիչների մահից խուսափելու համար», – ասել է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կարծում է, որ Իսրայելն իրավունք ունի ցամաքային գործողություն իրականացնել Գազայում: