Արգենտինան առաջիկայում պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան բռնի տեղահանվածներին. դեսպան
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարիանո Վերգարայի հետ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից։
Ողջունելով դեսպանին նախագահը շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում նրա կատարած աշխատանքի եւ հայ-արգենտինական հարաբերությունների ամրապնդման համար:
«Ես չեմ կասկածում, որ հայ-արգենտիանական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն եւ 1992 թվականից ի վեր դրանք շարունակական վերելք են ունեցել: Անցած երեք տարիների ընթացքում մենք զգացել ենք Ձեր անձնական սրտացավությունը այս դժվարին ժամանակներում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Իմացած եղեք, որ այս իրավիճակում մեր բարեկամների ու գործընկների աջակցությամբ ենք կարողանում որոշումներ ընդունել երկրի կայունությունն ու զարգացումն ապահովելու համար»- նշել է նախագահը:
Դեսպանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար նշել է. «Գրեթե երեք տարի Հայաստանում աշխատելուց հետո ես վերադառնում եմ Արգենտինա այստեղ թողնելով շատ ընկերների եւ վստահեցնում եմ, որ Դուք էլ ի դեմս ինձ, ունեք նոր ընկերոջ Արգենտինայում»:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ առկա սերտ հարաբերությունների հետագա զարգացման հարցեր: Կարեւորվել է երկու երկրների միջեւ առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության եւ խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանության եւ հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այս կապակցությամբ դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ Արգենտինան առաջիկայում պատրաստվում է հումանիտար օգնություն ուղարկել Հայաստան բռնի տեղահանվածներին աջակցության նպատակով:
Մտքեր են փոխանակվել նաեւ ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ, այս համատեքստում դեսպան Մարիանո Վերգարան ընդգծել է, որ Արգենտինան լիարժեքորեն աջակցում է տարածաշրջանում խաղաղության ու հարեւանների հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին: