Տոյվո Կլաարը ժամանել է Բաքու. Բայրամովը բողոքել է «զրպարտչական արշավից»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինչպես ասվում է Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի հեռանկարների, երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցերի, տարածաշրջանում վերջին իրավիճակի, «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի տեղի հայ բնակչության վերաինտեգրմանն ուղղված քայլերի» մասին։
Բայրամովն ասել է, որ ադրբեջանական կողմը շահագրգռված է «խաղաղության օրակարգի հանդիպումների դրական արդյունքով, որոնք անցկացվում են միջազգային գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության միջնորդությամբ, և որ 30 տարի անց տարածաշրջանում պատմական հնարավորություն է ի հայտ եկել ապահովելու խաղաղություն և կայունություն»։
«Մասնավորապես ընդգծվել է ռեւանշիստական հայտարարությունների, ինչպես նաև մեր երկրի դեմ զրպարտչական արշավի անթույլատրելիությունը»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բացի այդ, Կլաարի հետ հանդիպմանը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մի շարք հակասական հայտարարություններ է արել։ Առաջինը վերաբերում է «տեղաբնակ հայ բնակիչների գրանցման գործընթացի շարունակմանը», իսկ երկրորդը Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանման հիմնավորումն էր։
«Նշվել է նաև, որ Ղարաբաղի հայ բնակիչների հեռանալը կապված չէ որևէ պարտադրանքի հետ, և որ ՄԱԿ-ի պաշտոնյաների վերջին այցերը տարածաշրջան և այցից հետո արված հայտարարությունները ևս մեկ անգամ հաստատում են դա։
Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։