«Բարսելոնայի» փոխնախագահ․ Անհամբեր սպասում ենք՝ երբ կկարողանանք մեծարել Մեսիին
Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» փոխնախագահ Էդուարդ Ռոմեուն հերքել է լուրերը, թե կատալոնական ակումբը պատրաստվում է մի քանի ամսով վարձակալել ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին։
«Մեսիի հնարավոր վերադարձի մասին բոլոր խոսակցությունը չունեն ոչ մի հիմնավորում։
Մենք ցանկանում ենք արժանին մատուցել Մեսիին, եւ անհամբեր սպասում ենք, թե երբ կկարողանանք մեծարել նրան հրաժեշտի խաղում։ Նա արժանի է դրան։ Երբ լինեն հարմար պայմաններ, կյանքի կկոչենք մեր գաղափարները»,- Ռոմեուի խոսքը մեջբերում է Barca Universal-ը։
Մեսին «Բարսելոնայում» հանդես է եկել 2003-2021 թվականներին, այնուհետեւ երկու տարի անցկացրել է ֆրանսիական ՊՍԺ-ում։ Այս ամռանը նա երկու տարվա պայմանագիր կնքեց «Ինտեր Մայամիի» հետ։ «Բարսելոնան» ցանկանում է հրաժեշտի հանդիպում կազմակերպել Մեսիի համար։