ԵՄ-ն Իլոն Մասկին զգուշացրել է Իսրայելում հակամարտությունը սկսելուց հետո X-ում ապատեղեկատվության տարածման մասին
Ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը միլիարդատեր Իլոն Մասկին ասել է Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անսպասելի հարձակումից հետո X սոցիալական ցանցում ապատեղեկատվության տարածման մասին՝ կոչ անելով հակաքայլեր ձեռնարկել` առցանց բովանդակության վերաբերյալ ԵՄ նոր կանոններին համապատասխան, հայտնում է Reuters-ը։
Բրետոնը երեքշաբթի ասել է, որ կան նշաններ, որ X-ը, որը նախկինում հայտնի էր որպես Twitter, օգտագործվել է Եվրամիությունում անօրինական բովանդակություն և ապատեղեկատվություն տարածելու համար:
«Ուստի ես ձեզ կոչ եմ անում շտապ ստուգել ձեր համակարգերի արդյունավետությունը և իմ թիմին զեկուցել ձեռնարկված հակաճգնաժամային միջոցառումների մասին», - ասել է Բրետոնը՝ Մասկին հոկտեմբերի 10-ի նամակում, որը տեսել է Reuters-ը:
Միևնույն ժամանակ, Բրետոնը չի մանրամասնել իր նշած ապատեղեկատվությունը։
Առցանց բովանդակության կանոնները, որոնք հայտնի են որպես Թվային ծառայությունների ակտ (DSA), պահանջում են X-ից և այլ խոշոր առցանց հարթակներից հեռացնել ապօրինի բովանդակությունը և միջոցներ ձեռնարկել հանրային անվտանգության և քաղաքացիական դիսկուրսի համար վտանգները վերացնելու համար:
«Ես կոչ եմ անում ձեզ արագ, ճշգրիտ և ամբողջական պատասխան տալ այս խնդրանքին առաջիկա 24 ժամվա ընթացքում», - ասել է Բրետոնը:
DSA-ի պահանջներին չհամապատասխանելը կարող է հանգեցնել ԵՄ-ի կողմից ընկերության համաշխարհային շրջանառության մինչև 6%-ի չափով տուգանքների:
Արձագանքելով X միկրոբլոգում Բրետոնի գրառմանը` Մասկն ասել է, որ իր ընկերության քաղաքականությունը ամեն ինչ բաց կոդով և թափանցիկ պահելն է:
«Խնդրում եմ թվարկեք այն խախտումները, որոնք դուք նշում եք X-ում, որպեսզի հանրությունը տեսնի դրանք», - ասել է նա X-ում: