ՏԿԵ նախարարի տեղակալը հանդիպել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը:
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել է ՏԿԵ նախարարության և ԱԶԲ-ի միջև համագործակցության կարևորությունը։
Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել ջրային և քաղաքային ոլորտներում ընթացքի մեջ եղած ծրագրերը և նոր ծրագրերում ԱԶԲ-ի հնարավոր մասնակցության հնարավորությունը:
Տերտերյանը խոսել է մի շարք ոլորտներում Ասիական զարգացման բանկի հետ արդյունավետ համագործակցությունից՝ մասնավորապես կարևորելով սեյսմակայուն դպրոցաշինության և Կոտայքի ու Գեղարքունքի մարզերի համար կառուցվող նոր աղբավայրի ծրագրերը:
ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի ներկայացուցիչները շեշտել են, որ ԱԶԲ-ի հետ հիմնականում քննարկման առարկա եղել է ոռոգման համակարգը՝ մասնավորապես ջրամբարաշինության ոլորտը, և այս համատեքստում կարիք կա տեխնիկական աջակցության:
Նախարարի տեղակալը խոսել է ջրային ոլորտում կառավարության առաջնահերթությունից, համակարգում առկա կարիքներից, խնդիրներից: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այցելել ջրամբարներ և տեղում քննարկում ունենալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: